«Երկու երկրների միջև խաղաղության պայմանագիրը շատ մեծ նշանակություն կունենա այդ երկրների համար։ Այն մեծ նշանակություն կունենա տարածաշրջանի, խաղաղության, կայունության, տարածաշրջանի անվտանգության համար։ Մենք, իրոք, կարծում ենք, որ համաձայնությունը հնարավոր է, բայց այն պահանջում է երկու կողմերին կատարել բարդ ընտրություններ և գնալ ծանր փոխզիջումների»:
Այս կարծիքի հեղինակը ԱՄՆ պետքարտուղարի խոսնակ Մեթյու Միլերն է:
Երբ Արևմուտքից նման հայտարարություններ են հնչում, որպես կանոն, դա պետք է հասկանալ հորդոր Երևանին՝ ևս մեկ անգամ իջեցնել նշաձողը հայ-ադրբեջանական հարաբերություններում:
Այդպիսի մի բան՝ Արևմուտքի հորդորով, Նիկոլ Փաշինյանն արեց 2022-ի գարնանը՝ համաձայնելով զիջել նշաձողը ԼՂ կարգավիճակի հարցում:
Դրա հետևանքով Ադրբեջանը կլանեց Արցախը, բայց այդպես էլ չճանաչեց ՀՀ-ն՝ 29 800 կմ քառակուսի տարածքով:
Երկրորդ անգամ, Արևմուտքի ծափերի տակ, Փաշինյանը հայ-ադրբեջանական հարաբերություններում նշաձող իջեցրեց այս ապրիլին:
Զիջեցինք մեր ամուր պաշտպանական դիրքերը Տավուշի հատվածում, փոխարենը՝ չստացանք անգամ դելիմիտացիայի հանձնաժողովների համաձայնեցված կանոնակարգը, որը համաձայն Գրիգորյան- Մուստաֆաև ապրիլի 19-ի պրոտոկոլի՝ պետք է տեղի ունենար մինչև հուլիսի 1-ը:
Հիմա ի՞նչ է ակնկալում Արևմուտքը Հայաստանից:
Թերևս, դժվար չէ կանխատեսել՝ Սահմանադրության փոփոխություններ կամ դրա գրավոր խոստում, Զանգեզուրի միջանցք՝ պարզեցված ռեժիմով:
Դեռ շատ թանկ գին ենք վճարելու Փաշինյանի՝ երկրի ստրատեգիական կողմնորոշումը փոխելու արկածախնդրության պատճառով:
Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ